«Ազատամարտիկների դաշինք» (մեր մասին)

 Ազատամարտիկների դաշինքը ստեղծվել է այն քաղաքացիների կողմից, ովքեր առաջին իսկ օրվանից  սատար կանգնեցին անկախ Հայասատան կերտելու գաղափարին: Մենք՝ Հայաստանի ամեն քար ու թփի համար մարտնչած, մեր ու մեր ընկերների արյան գնով, մեր ժողովրդի տառապանքների գնով հիմնադրած պետության զինվորներս, լիահույս ենք, որ աշխարհաքաղաքական այս խառնակ ժամանակաշրջանում կստանանք համայն հայության աջակցությունը:

Դաշինքի գործունեությունն ուղղված չէ որևէ անհատի, քաղաքական ուժի կամ պետական կառույցի դեմ, այն հիմնադրվում է հանուն ՀՀ ինքնիշխանության և պետականության պահպանման և բաց է բոլորի համար: 

Ազատամարտիկների դաշինքի ստեղծման պատճառները.

ա. Առկա արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտություն.

 Հայաստանի Հանրապետությունը, ապաշնորհ քաղաքականության հետևանքով, աշխարհի տերությունների կողմից այլևս լուրջ չի ընդունվում: Մենք ականատես եղանք բազմաթիվ անթույլատրելի երևույթների, երբ ակնհայտ էր Հայաստան պետության պատասխանատուներին, արդյունքում նաև հայ ժողովրդին ու մեր արյամբ կերտած պետությանը  լուրջ չվերաբերվելու փաստը: Մեր նորաստեղծ պետության շուրջ 23-ամյա գոյության վերջին տարիներին հատկապես աշխարհը մեր հանդեպ պարտադրողի և արհամարհողի քաղաքականություն է վարում, ինչը, որպես Հայաստանի անկախության համար մարտնչած զինվորներ, անթույլատրելի ենք համարում՝:

բ. Ինքնիշխանության հնարավոր կորստի վտանգ.

Ինքնիշխանության կորուստը սկսվում է իշխանությունների լեգիտիմության բացակայությունից` երբ ժողովուրդը կորցնում է հավատը գործող իշխանության հանդեպ, իշխանությունները վերարտադրվում են բացառապես սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով օրենքը, արհամարհելով քաղաքացուն, ինչը ստեղծում  է փոխադարձ անվստահության խորը ճգնաժամային մթնոլորտ: Իշխանության կերպարը ՀՀ քաղաքացու համար նույնացվում է կեղծարարի, նույնն է թե՝ ավազակի ու թալանչու հետ: Մենք անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից որդեգրված պետականության հիմքերը խարխլող այս մեթոդը, հատկապես առկա տարածաշրջանային հակամարտության պարագայում, երբ երկրի իշխանություններն արդյունքում աշխարհի հետ չեն կարողանում խոսել Հայաստանի ժողովրդի անունից, և դա հանգեցրել է փակուղային իրավիճակի: Հայաստանում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները հաճախ հանդես են գալիս Հայաստանի և հայ ժողովրդի շահերից չբխող, ստորացուցիչ հայտարարություններով: Ազատամարտիկների դաշինքի կողմից այս երևույթը գնահատվում է՝ որպես ՀՀ ինքնիշխանության կորստի իրական վտանգ:

Դաշինքի խնդիրները

ա. ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանն ու ամրապնդմանն ուղղված գործունեություն.

Խախտված սահմանադրական կարգի վերականգնում՝ օրինակարգ իշխանության ձևավորման միջոցով: 

Մեր երկրում ընտրությունները պետք է տեղի ունենան բացառապես արդար, վերահսկելի պայմաններում: Ազատամարտիկների դաշինքը, ժողովրդի հետ համատեղ, պատրաստակամ է վերահսկելու այս գործընթացը:

բ. Համագործակցություն հասարակական-քաղաքական բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը կարող է նպաստել պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը. 

հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես հայրենի կուսակցություններից և կազմակերպություններից շատերը սպասարկում են տարբեր երկրների շահեր՝ Հայաստանի ապագան կապելով աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ այն դեպքում, երբ այդ համագործակցությունը հավասարի սկզբունքների հետ ոչ մի կապ չունի, այն նմանվում է տիրոջ և ստրուկի հարաբերության: Մենք կողմ ենք համագործակցել բոլորի հետ՝ արժանապատիվ կեցվածքով: Ըստ այդմ՝ Հայաստանում նախ պետք է վերականգնել սահմանադրական կարգը, և բոլոր տեսակի որոշումները պետք է բխեն Հայաստանի շահերից, իսկ անհավասար գործընկեր դառնալու ստրկաբարո  ձգտումներն անթույլատրելի են:

գ. սոցիալական արդարության վերահաստատում

դ. ՀՀ նորագույն պատմության խեղաթյուրման կանխում.

  1.Ազատամարտիկների դաշինքի անդամներն անթույլատրելի են համարում հայ-թուրքական արձանագրությունների արհեստական հարցադրումները, ցեղասպանության անհարկի շահարկումները: 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված ոճիրն ապացուցման  և քաղաքական շահարկումների նյութ չի կարող դառնալ:

  2.Մեր հաղթանակը քաղաքական ուժերի կողմից չի կարող շահարկումների թեմա դառնալ և բնորոշվել՝  մութ ու խավարի տարիներ: Նմանատիպ քստմնելի շահարկումներն ափսոսանքի և հիասթափության մթնոլորտ են ստեղծել մեր  երկրում, և, ճշմարտության պակասից հուսալքված մարդիկ լքում են հայրենիքը, ահագնանում է արտագաղթն այն աստիճան, որ վտանգվում է հայրենիքի ֆիզիկական անվտանգությունը:

ե. աջակցել  պետական և ոչ պետական  իրավասու կառույցներին՝ ՀՀ և ԼՂՀ սահմանները  թշնամու ոտնձգություններից և դիվերսիոն գործողություններից  պաշտպանելու գործում:

Մենք ֆիզիկապես և բարոյապես պատրաստ ենք զորակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են մեր հաղթանակը, նպաստում ՀՀ հզորացմանը:

Կարդացվել է 671 Անգամ