Քարերը հավաքելու ժամանակը

Իրականում այդ ժամանակը մի քանի անգամ գնացել ու եկել է: 

1999-ին, երբ Վազգեն Սարգսյանը  հասկացավ, որ Ռոբերտ Քոչարյանին սատարելը մեծ սխալմունք էր եւ այդ սխալի համար ցավալիորեն «հատուցեց» իր կյանքով:

2003-ին, երբ Քոչարյանը երկրորդ անգամ ինքնառաջադրվեց՝  կրկին շրջանցելով երկրի Սահմանադրությունն ու կանգ չառնելով ոչ մի սրբության առաջ:  

 2008-ին, երբ Քոչարյանն իր բռնության գավազանը Մարտի 1-ի գնով փոխանցեց Սերժ Սարգսյանին:

Եվ անգամ ՝ 2013-ին, երբ Սարգսյանի ախորժակն իր նախորդի նմանությամբ անցավ բոլոր թույլատրելի սահմանները:  

Մի կողմ թողնենք 1999-ը: Այն ժամանակ վարչապետ-ԱԺ նախագահ միության արդյունքում ձեւավորված փաստացի ընդդիմությունը դավադրաբար գլխատվեց: Ընդվզման ոգին խեղդվեց օրորոցում: Հոկտեմբերի 27-ն այդպես  էլ չբացահայտված մնաց, թեեւ տրամաբանությունը հուշում է, որ երկրի այն ժամանակվա նախագահը մեղքի իր անուրանալի բաժինն ուներ տեղի ունեցածում: 

Դառնանք վերջին երեքին: 2003: 2008: 2013: Նախագահի ընտրություններ՝ ուղեկցված բռնություններով, ծեծուջարդով, անգամ՝ սպանություններով: Երեք դեպքում էլ իշխանությունը արհամարհել է ՀՀ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը: Երեք դեպքում էլ ընտրություններն ուղեկցվել են օրենքի կոպիտ խախտումներով, քաղաքական հետապնդումներով ու հալածանքներով: Երեք դեպքում էլ իշխանությունը թելադրել է խաղի կանոնները, իսկ ընդդիմությունը չի կարողացել օգտագործել այն տասնյակ ու հարյուր հազարավորների ներուժը, ովքեր փողոց էին դուրս եկել հանուն արդարության: Ավելին: Ընդդիմությունը միասնական չի եղել անգամ: Միշտ եկել է մի պահ, երբ ընդդիմադիրներից ոմանք իրենց  նեղ կուսակցական, նեղ անձնական շահերն առավել կարեւորել են ժողովրդի շահից: 

Ի՞նչ ունենք այսօր: Իրեն վաղուց սպառած իշխանություն, ոչ իշխանական եռյակ եւ Արցախյան պատերազմում իրենց կյանքը չխնայած ազատամարտիկների մի մեծ բանակ: Ինչպես նաեւ որոշ ուժեր, որոնք իշխանափոխության կոչեր են անում ժամանակ առ ժամանակ, նայած թե քամին այդ պահին որ կողմից է փչում: Դաշինք եւ եռյակ. ահա հավանական այն ուժերը, որոնց միջոցով այսօրվա դրությամբ հնարավոր կարող է լինել իշխանափոխությունը: Եթե, իհարկե, բոլոր ուժերն իրենց խոստմանը հավատարիմ մնան ու վճռական պահին չդառնան իրենց ամբիցիաների գերին: Եթե ՀԱԿ-ը ավելի վճռական լինի, քան եղել է մինչ այսօր: Եթե ԲՀԿ-ն ազնվորեն խաղա, քան մինչ այսօր խաղացել է, եթե «Ժառանգությունը»  վճռորոշ պահին հետքայլ չանի: Ինչ վերաբերում է Ազատամարտիկների դաշինքին, հողեր ազատագրած զինվորներն ու հրամանատարներն այս երեք ուժերի հենարանն ու պաշտպանը կարող են լինել: Նրանք պատրաստ են հավաքել նետված քարերը: Վերջին անգամ ու մեկընդմիշտ:  

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդացվել է 945 Անգամ