Վարչապետը չգիտի, թե բանակում վառելիքի ընդունման կարգն ինչպես է. Գագիկ Մելքոնյան

Մեր զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

-Պարոն Մելքոնյան, վարչապետն օրերս հայտարարել է, թե ապրիլյան պատերազմի ընթացքում դիզվառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով զինտեխնիկան չի աշխատել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, արդյոք միտում կա՞ սլաքներն ուղղել Սեյրան Օհանյանի վրա։

-Նախ բացատրեմ վառելիքի ընդունման կարգն ինչպես է։ Գլխավոր շտաբը զեկուցագիր է ներկայացնում  գնումների դեպարտամենտին՝ այն մասին, թե ինչքան վառելիք է անհրաժեշտ։ Վառելիքն ընդունում է գլխավոր շտաբի թիկունքի վարչությունը, որն ունի վառելիքաքսուկային ծառայություն։ Վառելիքաքսուկային ծառայությունը առանց լաբորատոր ստուգման երբեք բանակում վառելիք չի ընդունում, մինչև լաբորատորիան իր համաձայնությունը չտա, որ ապրանքը որակյալ է, այդ ապրանքը չպետք է բազա մտնի։Դա նման է նրան, որ վաղը բերքահավաքի ժամանակ, ասենք, կոմբայնի մատորը շարքից դուրս է գալիս վառելիքի պատճառով ու ասեն, որ, օրինակ, դա վարչապետի մեղավորությունն է։ 

-Այսինքն սրանք միտումնավո՞ր արված հայտարարություններ են։

-Իհարկե միտումնավոր հայտարարություններ են։ Մարդը չգիտի կարգն ինչպես է, նախարարը վառելիքի որակի հետ ի՞նչ կապ ունի, երբ կան համապատասխան ծառայություններ։ Վաղը մի ուրիշ բան կասեն։ Հիմա Սեյրան Օհանյանի հետ կապված ինչ որ բաներ են պարզապես հորինում։

-Մտավախություն ունե՞ք, որ նմանատիպ մեղադրանքներն ավելի կխորացվեն և ապրիլյան պատերազմի այլ բացթողումներ ևս կվերագրեն նախկին նախարարին։

-Չեն կարող վերագրել, որովհետև ԶՈւ-երը ղեկավարում է Գլխավոր շտաբի պետը։ Նախարարը մատակարար է, ապահովում է բանակին ամեն ինչով։ Գլխավոր շտաբի պարտականությունների մեջ է  մտնում ստուգել ամեն ինչ, նոր ընդունել։ Որակական ամեն բան Գլխավոր շտաբը պետք է վերահսկի։ Կոշիկների որակը լավ չէ՝ վաղը կասեն ծնողները կոշիկ են ուղարկում բանակ՝ նախարա՞րն է մեղավոր։ Բայց այդ ամենը նախարարը չի կարգավորում, ամեն ինչի պատասխանատու կա և պետք է պատժվեն պատասխանատուները։

-Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը շահգրգռված է , որ եթե եղել են խախտումներ՝ մեղավորները պատժվեն։ Վստահություն կա՞, որ օբյեկիվ քննություն կտարվի այս առումով։

-Չեմ կարծում, որ օբյեկտիվ քննություն կգնա։ Բայց Օհանյանը վստահ է իր վրա և ասում է՝ ես կուզենայի, որ բացահայտվեր ամեն բան։

 

Կարդացվել է 3987 Անգամ