«Ազատամարտիկների դաշինքը» հնարավոր է չսատարի ոչ մի քաղաքական ուժի

«Ազատամարտիկների դաշինքն» իր երեկվա նիստում չի որոշել, թե 2017 թ. խորհրդարանական ընտրություններում, որ քաղաքական ուժին է սատարելու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

 

«Որոշումն արդեն կայացրած պետք է լինեինք, բայց, քանի որ կուսակցությունների միջև բանակցությունները դեռ ավարտված չեն, որոշում չենք կայացրել: Կհայտարարենք, երբ քաղաքական ուժերի առաջադրումները կլինեն»,- նշեց Պետրոսյանը:

 

Նա հայտարարեց, որ «Ազատամարտիկների դաշինքը» որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ օգնել, աջակցել միայն միասնական ընդդիմադիր լայն ճակատին:

 

«Եթե կզգանք, որ կա ուժ, որին մեր աջակցությամբ հնարավոր կլինի հասնել իսկապես արմատական փոփոխությունների, մենք կկանգնենք այդ քաղաքական ուժի կողքին: Եթե չի լինի նման ուժ, մեր դաշինքի անդամները, եթե ցանկություն ունենան, առանձին կսատարեն այս կամ այն ուժին, որովհետև մեր դաշինքում տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են»,- հայտնեց Ռազմիկ Պետրոսյանը:

 

Հակոբ Ասլանյան

Կարդացվել է 416 Անգամ