Ապրիլի 2-ը լինել-չլինելու հարց է, ու թող չստացվի, թե «ագավոռկաներով» հայրենիք վաճառեցինք

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը:

 

-Պարոն Հակոբյան, «Ազատամարտիկների դաշինք»-ն օրերս  հայտարարություն էր տարածել՝ ընդդիմադիր դաշտին կոչ անելով միավորվել և ապրիլի 2-ի ընտրություններին հանդես գալ միասնական ճակատով: Եվ Ռազմիկ Պետրոսյանն իր հարցազրույցներում նշել էր, որ դուք փորձում եք միջնորդի դեր ստանձնել, որպեսզի այդ դաշտը համախմբվի: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

 

-Տարիներ առաջ երբ որ մեր մարտական ընկերները նախաձեռնեցին միավորել այն ազատամարտիկներին, ովքեր իրոք հայրենիքի ջատագովն են, պատրաստ են ցանկացած իրավիճակում կանգնելու հանուն հայրենիքի, և ձևավորվեց «Ազատամարտիկների դաշինք»-ը, այն ժամանակ ռազմավարական դրույթներ ընդունեցինք, որտեղ հստակ ասված էր, որ «Ազատամարտիկների դաշինք»- ը պատրաստ է կամրջի դեր ստանձնել բոլոր այն ուժերի միջև, ում համար հայ և հայրենիք հասկացություները կարևոր են, կուսակցական շահերից դուրս են, կուսակցական դրոշներից հեռու:

 

Մենք անընդհատ փորձում ենք այդ դաշտը համախմբել, որովհետև այստեղ խնդիրը ապրիլյան պատգամավորական ընտրությունները չեն, այստեղ ավելի խոր խնդիր կա: Ինչ-որ մեկի մտքով հանկարծ թող չանցնի, թե ես սրտի նուրբ լարերի վրա եմ խաղում, ես իրականությունն եմ փաստում և չեմ կարծում, որ որևէ մեկը հակառակը կասի: Ապրիլի 2-ի ընտրությունները հայ ժողովրդի և հայրենիքի լինել-չլինելու հարց է, և մենք պետք է ազգովի կարողանանք ապացուցել, որ մենք, այո, մեր պապերի այն արժանավոր զավակներն ենք, որոնք մեզ հայրենիք են թողել, և թող չստացվի, թե մենք ընտրակաշառք վերցնելով, «ագավոռկաներով» հայրենիք վաճառեցինք: Եվ թող ապրիլի 2-ից հետո հանկարծ մեկը չփորձի, «30 արծաթով» վաճառվողները չփորձեն մեղադրել իշխանությանը: Այսօր իրավիճակի տերը ժողովուրդն է, աննախադեպ իրավիճակ է Հայաստանում, երբ որ հայ ժողովուրդը սրբության սրբոց հայրնիքի համար պատրաստ է մենակ մի քայլ անելու՝ իր անձի համար անկեղծ լինելու, ինքն իրեն չխաբելու, չասի՝ ես ընդդիմադիր եմ, հետո կուլիսների հետևում «ագավոռկա» անի, որից հայրենիք է տուժելու, որից ժողովուրդ է տուժելու:

 

 

Կարդացվել է 331 Անգամ