Քաղաքական ակտիվություն ցուցաբերած մեր ազատամարտիկ ընկերները կամ զնդաններում են, կամ չքավորության աստիճանի են հասել. Ռազմիկ Պետրոսյան

NewsBook-ի զրուցակիցն է «Ապարան » ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

 

- Պարո՛ն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինք»-ը քաղաքական ուժերի հետ համախմբան ուղղությամբ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով մեկ ընդհանուր ընդդիմադիր դաշինք ձևավորել: Արձագանքներ, պատասխաններ կա՞ն այս առումով:

 

- Նշեմ, որ ոչ թե մեր միավորվելու խնդիրն է դրված, այլ քաղաքական ուժերի՝ իրար հետ համագործակցության: Մեր հայտարարությամբ նաև փորձել ենք քաղաքական ուժերի հետ հանդիպել: Բոլոր քաղաքական ուժերն էլ գրեթե ընդհանուր ճակատի, համախմբան կողմնակից են եղել: Հիմա իրենց մեջ կոնսուլտացիաներ են գնում: Գիտեմ, որ հանդիպում են, պայմանավորվածությունների պրոցեսում են: Անուններ չասեմ, թե ում, բայց գրեթե բոլոր քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ մենք փորձել ենք հանդիպել ու առաջարկել, որ նրանք միավորվեն ընդհանուր միասնական թիմում: Արդյունք սպասում ենք: Ինձ թվում է՝ առաջիկա 2-3 օրերի ընթացքում արդյունքը վերջնական տեսքի կգա: Անգամ եթե դաշինքների մեջ էլ ընդհանուր միասնական ճակատ չլինի, գոնե պետք է երկուական դաշինք լինի: Այդ դեպքում հնարավոր կլինի իրար հետ ներքին պայմանավորվածություն ձեռք բերել և ոչ թե իրար դեմ պայքարել, այլ ընդհանուր մի թիրախի դեմ: «Ազատամարտիկների դաշինք»-ի առաքելությունը լինելու է հնարավորինս միասնական ընդդիմադիր դաշտ ձևավորելը: Դրանից հետո միայն կարող ենք հայտարարել ու աջակցել այդ կառույցին, եթե մենք համոզվենք, որ այդ միավորմամբ հնարավոր է հասնել իշխանափոխության:

 

Եթե կզգանք, որ կա քաղաքական ուժ, որի կողքին կանգնելով հնարավոր կլինի իշխանափոխության գնալ, մենք վարչությամբ կքննարկենք ու կհայտարարենք, որ կանգնում ենք այդ քաղաքական միավորման կողքին: Եթե չի լինի, ուրեմն՝ մենք կհայտարարենք, որ առանձին, ամեն անհատ ազատ է իր քաղաքական կողմնորոշմամբ. ով ում հետ կցանկանա, կմասնակցի կամ չի մասնակցի ընտրություններին: Հիմա թող ձևավորվեն վերջացնեն այդ ժամանակ էլ կորոշենք, թե որ քաղաքական ուժի հետ կփորձենք շարունակել պայքարը: Հիմա դեռ վերջնական փուլում չենք: Այդ փուլը կլինի այն ժամանակ, երբ վերջնականապես կձևավորվեն դաշինքները:

 

- Իսկ հիմա ո՞ր ուժերին եք աջակցում:

 

- Բոլոր նրանք, որոնք հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են, մենք իրենց հետ փորձել ենք հանդիպել ու կոչ անել, որ նախկին տարաձայնությունները մի կողմ դնելով՝ միանան մեկը մյուսին: Այդ նպատակի հիմնական շեշտադրումն էլ դրել ենք այս իշխանություններից երկիրն ազատելը: Պատահական չէ, որ մեր ազատամարտիկ ընկերները, որոնք քաղաքական ակտիվություն են ցույց տալիս կամ զնդաններում են, կամ չքավորության աստիճանի են հասել: Կեղծ հերոսներով երկիր ենք դարձնում: Հիմա հարցն ինչ-որ քաղաքական ուժի սատարելը չէ, քաղաքական այրերից մեկին հանելու և մյուսին դնելու խնդիր չէ: Մենք մեր երկիրն այս վիճակից հանելու խնդիր ունենք ու արդեն համոզվել ենք, որ ներկայիս իշխանության վրա հույս դնելը նշանակում է կորցնել երկիրը: Նրանք նշույլ անգամ ցույց չեն տալիս, որ ցավում են երկրի համար, օր առաջ իշխանափոխություն է պետք: Մենք նաև բանակի համար ենք ցավում, իսկ մենք այսօր տեսնում ենք, որ տնտեսական թալանը տանում է նաև ոչ ժամանակակից զինման և պաշտպանական համակարգի ձևավորվան: Իսկ եթե  այսօր իշխանությունը փոխվի, թալանի դեմը կառնենք:

 

Հնարավոր կլինի նաև կարճ ժամանակում պաշտպանական համակարգ ստեղծել, որ մեր զինվորների կյանքը փրկենք: Հիմա հաճախ ասում ենք, թե օրինակ՝ այս մեկը նախկին նախարար է, այսօր պոկվել եկել է, ու իր դեմ արշավ պետք է արվի: Ո՛չ: Արշավ պետք է արվի այն իշխանության բուրգի և իր առաջին դեմքի դեմ, որն այսօր թողտվությամբ ու թալանով ամեն օր սևազգեստ մայրերի քանակն է ավելացնում: Եթե թալան չարվի, միջոցներն ուղղվեն բանակին, մենք ինչո՞ւ պետք է զոհեր ունենանք:

 

- Նշեցիք, որ հանդիպում եք այն ուժերի հետ, որոնք հայտարարում են, թե ընդդիմություն են: Արդյո՞ք հայտարարելը բավական է կարծելու, թե ուժն իսկապես ընդդիմադիր է: Նման հայտարարությամբ են հանդես գալիս անձինք, որոնք ամիսներ առաջ նույն իշխանության մեջ են եղել, ինչպիսին օրինակ՝ ՊՆ նախկին նախարարն է:  

 

- Բոլորս էլ ինչ-որ ժամանակ իշխանություն ենք եղել, մեկը մի քիչ շուտ, մյուսը՝ մի քիչ ուշ: Նրանք, որոնք եղել են իշխանության մեջ, շատ ավելի լավ գիտեն՝ իշխանությունը հնարավորություն ունի ուղղվելու, թե՝ ոչ: Մարդը գալիս է ու ասում՝ ես հիմա գտնում եմ, որ այս իշխանության ծառայելն արդեն հանցագործության աստիճանի է հասնում: Ես փորձել եմ իշխանության մեջ խնդիրներ լուծել՝ չեմ կարողացել: Դա ազնիվ է, թե՝ ոչ, հարցի երկրորդ կողմն է: Բայց պայքարե՞նք այն մարդկանց դեմ, ովքեր պոկվել են իշխանությունից ու եկել կանգնում են ժողովրդի կողքին, ուզում են փոխել ինչ-որ բան, թե՞ պայքարենք նրանց դեմ, որոնք կառչել են իշխանությունից և ուզում են ամեն գնով մնալ այնտեղ: Մանավանդ այն մարդկանց, որոնք դեռ գործող իշխանությանն են ծառայում ու  բանակի ստեղծման հարցում մեծ ներդնում ունեն, ուզում եմ կոչով դադարեցնել ծառայել իշխանությանը: Եկեք չնայենք՝ նախկինում ինչ է եղել, թողենք այդ ամենը, հանենք իշխանությանը ու թող մի անգամ ժոովուրդը գա իշխանության: Զգա, որ իր միասնությամբ կարող է նույնիսկ նախկին իշխանիկին էլ ստիպել գալ ու կանգնել իր կողքին:

 

- Դուք մեր զրույցներից մեկ ժամանակ նշել էիք, որ Սեյրան Օհանյանը իր մարտական ընկերներին նույնիսկ չի բարևում: Հաշվի առնելով դա և Ձեր նշած թալանը, որը բանակում եղել է նաև նրա պաշտոնավարման տարիներին, պատրա՞ստ եք համագործակցել նրա հետ:  

 

- Նախկինում արված սխալների, բացթողումների, վրիպումների համար ամեն մարդ, իհարկե, իր ժամանակին պատասխան է տալու: Այսօր դա ինձ համար երկրորդական է: Այսօր մեր մարտական ընկերներից շատերն են մոռացել իրենց արած կամ թողած հետագիծը: Ինձ համար կարևորն այժմ առանց արյան իշխանափոխության հասնելն է: Մենք միշտ կողմնակից ենք եղել քաղաքական լուծմանը: Մարտի 1-ի մասին ենք խոսում, մյուս հարցերի մասին ենք խոսում: Այո, դրանք երբեք վաղեմություն չունեն: Ովքեր դրա մեջ իրենց մասնակցությունն ունեն, կլինեն իշխանության մեջ, թե՝ ընդդիմության, ժամանակին պատասխան են տալու: Բայց պատասխան կարող են տալ միայն այն ժամանակ, երբ կունենանք նորմալ արդարադատություն: Առանց դրա հնարավոր չէ ո՛չ Հոկտեմբերի 27, ո՛չ Մարտի 1, և ո՛չ էլ մյուս ոճրագործությունները բացահայտել:  

 

Մենք կոչ եք անում մի կողմ թողնել անձնական տարաձայնությունները: Ոչ թե մոռանալ, այլ թողնել: Դրանք հետագայում քննարկվելիք հարցեր են: Մեր առաջնային խնդիրը երկիրն այս վիճակից հանելն է: Իշխանության մեջ էլ շատ մարդկանց հետ, երբ առանձին խոսում ենք, իրենք էլ են զգում ու համոզված են, որ այո, իշխանությամբ այլևս հնարավոր չէ:

 

Բայց վախենում են՝ հազար տեսակ թելերով կապված են: Իսկ այն մարդիկ, որոնք պոկվել, եկել են, նշանակում է՝ այդ թելերով կապված չեն և ազատվել են այդ թելերից: Իրենք չեն լինելու մեր թիրախը: Հակառակը, եթե այդ մարդիկ պատրաստ են կանգնելու ու աջակցելու, թող գան և աջակցեն: Իշխանության մեջ գտնվողներն այդ առումով ևս ժամանակ ունեն՝ թող թողնեն այն: Եթե մարդը ռիսկ է արել և պոկվել է իշխանությունից, նշանակում է՝ ինչ-որ բանում վստահ է իր վրա: Չպետք է թիրախավորենք իշխանությունից պոկված մարդկանց, հակառակը՝ պետք է աջակցենք, համախմբվենք ընդհանուրի մեջ և իրենց իմացած ինֆորմացիան օգտագործենք և իշխանություններին հնարավորություն չտանք, որ վերարտադրվեն:

 

- «Ազատամարտիկների դաշինք»-ը Գագիկ Ծառուկյանի լայն դաշինքի մեջ իրեն տեսնո՞ւմ է:

 

- Եռյակի ժամանակ տեսանք, թե իշխանություններն ինչ հարձակման թիրախ ընտրեցին: Այդ ժամանակ կարողացան վիժեցնել այդ պայքարը: Այսօր մարդը նորից մտել է պայքարի մեջ: Կզգանք համագործակցության հնարավորություն, համատեղ կմիավորվեն բոլորը, կողջունենք և հնարավորության սահմաններում կաջակցենք: Ողջունելի է, երբ մարդիկ հանգիստ չեն նստում, նորից են եկել ու գիտեն իրենց երկրի հանդեպ իրենց պարտականությունը:

 

Հարցազրույցը՝ Աննա Բադալյանի

http://newsbook.am/?p=98341/qaxaqakan+aktivutyun+cucaberac+mer+azatamartik+ynkernery+kam+zndanerum+en+kam+chqavorutyan+astichani+en+hasel+razmik+petrosyan&l=am

Կարդացվել է 204 Անգամ