Իշխանափոխության հարցը օրախնդիր է. ԱԴ

Այսօր՝ ապրիլի 29-ին տեղի ունեցավ «Ազատամարտիկների դաշինքի» վարչության հերթական ընդլայնված նիստը: Օրակարգում դրված էր երեք հարց. «Ազատամարտիկների դաշինքի»  հետագա մարտավարությունը, համայնքների խոշորացման անհրաժեշտության խնդիրը եւ քաղաքական ուժերի հետ համագործակության  հարցը: 

Կրկին հաստատելով, որ Դաշինքը հավատարիմ է մնացել իր հռչակած ռազմավարական դրույթներին, որոնց հիմքում ՀՀ իշխանափոխության օրախնդիրն է, համակարգող խորհրդին հանձնարարվեց մինչեւ վարչության հաջորդ նիստը մշակել ԱԴ հետագա գործողությունների ծրագիր: 

«Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամները  համոզմունք հայտնեցին, որ համայնքների խոշորացման ենթատեքստում տեսնում են  քաղաքական կեղծիք եւ, հասարակությանը հերթական անգամ մասնատելու փորձ, որը իշխանափոխության խնդրից եւ հանրության միտքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից շեղելու նպատակ է հետապնդում: ԱԴ վարչության անդամները նշեցին, որ դեմ են համայնքերի խոշորացմանը: 

Վարչության նիստում քննարկված երրորդ՝  քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցի առնչությամբ էլ կրկին փաստվեց, որ  «Ազատամարտիկների դաշինքը»  համագործակցելու է բոլոր այն քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ, որոնք պատրաստ են դուրս գալու պայքարի՝ հանուն Հայաստանում օրինակարգ իշխանության հաստատման:

Կարդացվել է 834 Անգամ