Դանիել Դեքերը դարձել է ՀՀ քաղաքացի (տեսանյութ)

Ամերիկացի երգիչ եւ երգահան Դանիել Դեքերը, երեկ՝ ապրիլի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում  ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Այս մասին գրառում  է կատարել կոմպոզիտոր Արա Գեւորգյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: 

Դանիել Դեքերի անձնագիրը ներառում է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները՝ բացառությամբ ընտրելու իրավունքից: 

Ամերիկացի երգիչը հայերին առավել հայտնի դարձավ 2005-ին, երբ կայացավ համագործակցությունը նրա եւ Արա Գեւորգյանի միջեւ: Դեքերը գրել է Գեւորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը եւ կատարել այն: 

2005-ին նա պաշտոնապես հրավիրվել է  Հայաստան՝ երգելու  «Ադանա» երգը՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ: 2010-ին նա թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված  է 13  երգ («Կիլիկիա», «Դլե յաման», «Մարտիկի երգը», «Ադանա» եւ այլն):

Օրերս կայացած ասուլիսի ժամանակ Արա Գեւորգյանը եւ Դանիել Դեքերը հայտարարել էին, որ կներկայացնեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  «Սեւ ապրիլ» նախագիծը, որում ընդգրկված է երկու երգ՝ հայերենով եւ անգլերենով.  «Կանք ու կլինենք»,  «Remember» (այս երգի բառերը գրել է Դանիել Դեքերը): 

«Ծնունդով  հայ չեմ, սակայն ընտրությամբ հայ եմ: Քրիստոնյա  լինելով ես ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ: Հայոց ցեղասպանությունը եղել է այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են: Այնպես եմ զգում, կարծես սպանվել են իմ քույրերն ու եղբայրները: Ես կիսում եմ այդ ցավը»,-ասել էր Դանիել Դեքերը: 

Կարդացվել է 1303 Անգամ

Իրադարձություններ