ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխության նպատակը սոսկ պարզ իշխանափոխությունը չէ, այլ, վերջին երկու տասնամյակների ընթացքում միմյանց հաջորդած հանցավոր վարչախմբերի կողմից կեղեքված ժողովրդի  ողնաշարն ուղղելը. կամայականության, հանցավոր ամենաթողության, համատարած կոռուպցիայի, ընտարակեղծարարության գաղջ մթնոլորտից երկիրը մաքրելը, դրա հնարավոր վերարտադրությունը բացառելը և իրական իմաստով իշխանությունը ժողովրդին վերադարձնելը:

Ինչպես բոլոր, այնպես էլ այս հեղափոխությունը,  հատակից  ջրի երես  հանեց կուտակված աղբը: 

Նախորդ իշխանությունների ձեռքին գործիք դարձած որոշ պատեհապաշտներ, որ երեկ պայքարում էին հեղափոխական քայլարշավի դեմ, այսօր արդեն գովերգում են  հեղափոխությունը ՝ փորձելով հեղափոխության թիրախից դրա իրագործողը դառնալ: Սրա վառ օրինակն է նաև ԵԿՄ գործող վարչության  նախագահ Մանվել Գրիգորյանը,  ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղեռական մահից հետո, 1999-ին ակնհայտ  կեղծիքով ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ՝  հետևողականորենորեն  շեղվելով,  անդառնալի կերպով  հեռացավ ԵԿՄ հիմնարար սկզբունքներից  և օրենքով ամրագրված դրույթներից:  Նախ սկսեց աստիճանաբար ազատվել ԵԿՄ հիմնադիր անդամներից, ապա քայլ առ քայլ մոռացության մատնեց պատերազմում անուրանալի դերակատարում ունեցած աշխարհազորայինների ամբողջական ստոաբաժանումների և ջոկատների, ինչպես նաև հաղթանակ կերտած բազմաթիվ հրամանատարների  և մարտիկների: Փոխարենը, բոլորիս համար անհասկանալի, չհիմնավորված կերպով ուռճացրեց առանձին անհատների  և միավորումների դերն ու նշանակությունը ազատամարտում՝ ԵԿՄ-ն  ըստ էության վերածելով 5-րդ բրիգադի:                                                                                                     

 Զոհվածների ընտանիքներին, հաշմանդամ ազատամարտիկներին և նրանց   ընտաիքներին ցուցաբերված օգնությունները կրել են խտրական բնույթ, իսկ շատ-շատերն ընդհանրապես անտեսվել են:

ԵԿՄ-ն, Սերժ Սարգսյանի կառավարման ողջ ընթացքում, մասնավորապես 2008-ի մարտի 1-ին, համաժողովրդական շարժմանը դավաճանելով, իշխանությունների կողմից  օգտագործվել է որպես ներքաղաքական խնդիրներ լուծելու գործիք՝ կորցնելով իր ժողովրդական հեղինակությունը,  անուրանալի դերն ու նշանակությունը հայոց  պետականության կերտման գործում:

  ԵԿՄ սկզբունքենրից ու առաքելությունից արմատապես շեղվելու արդյունքում, ԵԿՄ անդամ  հազարավոր ազատամարտիկներ կառույցից դուրս գալով,  ստեղծեցին նոր վետերանական կազմակերպություններ, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնց լուծմանը կոչված էր ԵԿՄ-ն:

Նկատի ունենալով վերը նշված և բազում այլ բացթողումները, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, անհետաձգելի ենք համարում արմատական փոփոխությունները նաև ԵԿՄ-ում:

Վազգեն Սարգսյանի և Գրետա մայրիկի անունները շահարկելը չօգնեց  «վերջին բոլշևիկ» Սերժին,  չի օգնելու նաև նրան այդպիսին հռչակող, մեխ ու չագուչ մատակարարող  ու դարձյալ այդ անունների ետևում ծվարել փորձող Մանվելին:

Երկրապահ կամավորականների բարի համբավը վերականգնելու, Երկրապահն առանց բացառության բոլոր ազատամարտիկների տունը դարձնելու և սկզբնական առաքելությանը վերադարձնելու  համար, կոչ ենք անում փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցող մեր բոլոր մարտական ընկերներին միավորվել և մեկընդմիշտ փակել մեր լուսավոր շարժման մեջ մանվելի ու մանվելականության ամոթալի էջը:

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ  ԴԱՇԻՆՔ

 

Կարդացվել է 728 Անգամ

Իրադարձություններ