Սեյրան Օհանյանի հետ միասին մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Մելքոնյան

Մեր զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մեքոնյանը։

-Պարոն Մելքոնյան, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք Գեղարքունիքի մարզում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք, կարծում եք հաջողության հասնելու հնարավորություն կա՞։

-Ժողովրդի հետ զրույցներից պարզ է դառնում, որ մարդիկ Հանրապետական կուսակցությանը ձայն չեն տալու, ոչ ոք չի ուզում լսել ՀՀԿ-ի անունը, բայց ռեյտինգայինով այնպիսի մարդիկ են թեկնածություն դրել, որ  բարեկամ-հարևանի գործոնը կարող է աշխատել։

-Նույն ընտրատարածքում առաջադրվել է նաև Գեղարքունիքի մարզպետը, կարո՞ղ ենք ասել, որ ձեր հիմնական մրցակիցը հենց նա է։

-Մի երկու հոգու տեսնում եմ ինձ որպես մրցակից՝ իհարկե նաև մարզպետին։

-Ծանոթ-բարեկամ սկզբունքն, իհարկե, առկա է մեր հասարակության մեջ, բայց շատերը նաև քվեարկության են գնում ընտրակաշառք վերցնելով դրա դեմ ինչպե՞ս եք պայքարելու։

-Արդեն որոշ մեթոդներ ենք մշակել։ Ընտրակաշառքի դեմ պայքարի մեր մարտավարությունն արդեն մշակել ենք։

-Դուք առաջադրվել եք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով։ Այս դաշինքը ստեղծվեց վերջին պահին և միանշանակ դրական մոտեցում հանրությունը չունի։ Ձեր շփումները ժողովրդի հետ ի՞նչ են ցույց տալիս՝ կվստահե՞ն ձեզ։

-Ժողովուրդն արդեն ծանոթ է մեր դաշինքին, գիտի, թե ովքեր են այդ մադրիկ, բոլորի հանդեպ հարգանք են տածում։ Բոլորն էլ դրական  ակնկալիք ունեն կոնկրետ մեր դաշինքից։

-«Ազատամարտիկների դաշինքը»  ձգտում էր միավորել ողջ ընդդիմադիր դաշտը, բայց չստացվեց։ Հետընտրական փուլում ընդդիմության միավորման հնարավորություն տեսնու՞մ եք։

-Դա պարտադիր պայման է։ Մեզ մոտ նախընտրական փուլում չստացվեց, որովհետև կային կուսակցություններ, որ վախենում էին միանալ։Շատերը կալանավորումներից և այլ հանգամանքներից վախեցան, բայց հետընտրական փուլում, կարծում եմ, բոլորը կմիանան։

-Ձեր դաշինքը գնում է իշխանափոխությա՞ն, թե կբավարարի նաև պարզապես խորհրդարան մուտք գործելը։

-Մենք գնում ենք իշխանափոխության և ակնկալիք ունենք հենց առաջին տեղի։ Ժողովուրդը իր քվեն անպայման տալու է մեզ։ Խաղաղ ճանապարհով, սիրուն իշխանափոխություն կանենք։

-Ղարաբաղյան հարցի կարգավորումն ինչպե՞ս եք տեսնում։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է , որ այդ հարցը պետք է օրակարգային դառնա նախընտրական շրջանում։

-Մենք հող տալու մասին չենք մտածել, չենք էլ մտածում։Ինչ գնով էլ լինի՝ կպահենք մեր հողերը ու նոր հողեր կվերցնենք։Ասում են՝ իբր ռեսուրս չունենք, բայց  շատ ունենք։ Մենք բավարար ռեսուրս ունենք մի քանի շրջան վերցնելու համար։Մեր մտքով չի անցնում հող տալ, պատրաստ ենք մեր հողերը պահել ու  մի քանի շրջան վերցնել։

-Ձեր այդ տեսակետը տեղ կգտնի՞ դաշինքի նախընտրական ծրագրում։

-Դա իմ մոտեցումն է, ես այդպես եմ մտածում։ Ինձ թվում է՝ իմ այդ առաջարկին կհամաձայնվի նաև դաշինքը։

-Պարոն Մելքոնյան, կարծում եք Սեյրան Օհանյանը մինչև վերջ կգնա՞, թե իշխանության կոմպրոմատները թույլ չեն տա։

-Սեյրան Օհանյանը մինչև վերջ գնալու է՝ մեզ հետ միասին։ Սեյրան Օհանյան ասելով նկատի ունեմ բոլոր ազատամարտիկներին ու ժողովրդին։ Այդ ընթացքում, իհարկե, իշխանությունները կկալանավորեն, ուժ կգործադրեն, ամեն ինչ կանեն , որ խափանեն, բայց մենք կանգնած ենք ու մինչև վերջ գնալու ենք։

 

Կարդացվել է 5218 Անգամ

Իրադարձություններ