Հայրենիքը շենացնելու գործին ազգովի պետք է լծվենք.

Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, հետևելով ներքաղաքական վերջին իրադարձություններին, ի՞նչ տպավորություն եք ստանում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններով իրավիճակի փոփոխության հնարավորություն կա՞։

-Իհարկե ընտրություններով հնարավոր կլինի բարելավել թե՛ ժողովրդի կենսական մակարդակը, թե՛ ամրապնդել պետական սահմանները՝ Հայաստանի ու Արցախ աշխարհի։ Բայց նախքան ընտրությունները կայանալիք գործընթացներն են շատ կարևոր՝ այն, որ ժողովուրդը պետք է ճիշտ հետևություններ անի։Ասում են՝ մեր փորձած թանը ձեր անփորձ մածունից լավ է։ Հիմա  մենք և՛ թանը գիտենք, և՛ մածունը։ Մենք տեսնում ենք մարդկանց, որ իրականում ջատագով են դրական գործընթացների, որոնք իրոք հայրենիքն ու ժողովուրդը կարևորում են իրենց անձից, կուսակցական շահերից։ Մարդիկ, որոնք իրոք ազնիվ են իրենց ժողովրդի, պետության առաջ։ Ու երբեք զարտուղի ճանապահներով ու հանուն ժողովրդի դրոշ բարձրացնելով այդ ժողովրդին չեն կեղեքել իրենց կլանի համար։ Ես համոզված եմ, որ այս ընտրություններին այդ մարդկանցից շատերը հանդես  կգան որպես թեկնածու։ Հուսով եմ այս անգամ ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի, քվե կտա այն մարդկանց, որոնք գնալով օրենսդիր իշխանություն այնտեղ կգործեն հանուն ժողովրդի, կփորձեն ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել։ Եթե որևէ քաղաքական ուժ կգա կասի, որ շատ կարճ ժամանակահատվածում կգա և փոփոխություններ կանի, ուրեմն իմացեք՝ ստում է, որովհետև դրա համար երկար ժամանակ է հարկավոր։Հայրենիքը շենացնելու գործին ազգովի պետք է լծվենք։

-«Ազատամարտիկների դաշինքը» հայտնվել է ոչ նախանձելի իրավիճակում։ Ձեր մարտական ընկերներից Սասուն Միքայելյանը՝ «Ելք» դաշինքում է, Մանվել Եղիազարյանը՝ Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքում կլինի։ Ինչպե՞ս եք կարողանալու ամբողջացնել ընդդիմությունը։

-Մենք հաճախակի հանդիպում ենք իրենց հետ։  Մեր տեսակետն ու գաղափարները նույնն են՝ որպես ազատամարտիկ, որպես հայ մարդ։ Իմ, Սասունի, Ռազմիկի, Մանվելի տեսակետները նույնն է։ Մեր գաղափարախոսության կենտրոնում հայ ժողովրդի կենսամակարդակի բարձարցումն է, հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, դրանք  մեկը մեկից բխող բաներ են։ Տնտեսապես հարուստ պետությունը հզոր բանակ է ունենում, տնտեսապես հարուստ պետության ծնողը ճանապարհներ չի փնտրում իր երեխային բանակից ազատելու համար, որովհետը գիտի հզոր կայացած բանակ ունի։Եթե պետության հիմքն ապահով ու նորմալ իրավիճակի բերվի՝ իհարկե դրան զուգահեռ բանակն էլ է զարգանալու, դրան զուգահեռ ավելի քիչ սևազգեստ մայրեր ենք տեսնելու։ Մեկը մյուսի հետ կապված է։ Անկախ նրանից, թե մեզանից որ մեկը որ կուսակցական դրոշի տակ է կռվելու, մեր բոլորի տեսակետը նույնն է։ Մենք համար առաջին դերում դնում ենք ազգն ու պետությունը։Իսկ արևմտյան, թե արևելյան ուղղություն՝ ես դրանց վրա մեծ ուշադրություն չեմ դարձնում։

-Ամեն դեպքում մեկ ընդհանուր գաղափար  ունենալով՝ պետք է մեջբերեմ ձեր խոսքը, որ ամեն մեկը տարբեր կուսակցական դրոշի տակ է  հանդես գալիս և դա հենց օգնում է իխանություններին ձայները բաշխել տարբեր ուժերի միջև։ Ինչպե՞ս Հայաստանում ձևավորել մեկ ընդդիմություն։

-Դուք աշխարհի ամենաբարդ բանն եք ասում, երբևէ հայ ժողովուրդը նման բան չի տեսել։ Լուսահոգի մի ծաղրանկարիչ , երգիծաբան կար՝ Վիլյամ Սարուխան։ Գիրք ուներ հրատարած «Մենք մեր ակնոցով», երկու հայ նստած մի սրճարանում խոսում են՝ ինձ ասա աշխարհի  ամենաանհնար բանը, մյուսն ասում է՝  միաբանված հայ ժողովուրդ,  պատասխանում է՝  լավ այդքան էլ անհնարին բան չասացի։ Մեր ժողովուրդը , թե զորահրամանատարները, թե քաղաքական գործիչները՝  միշտ էլ  ուզել են համախմբված հայ ժողովուրդ տեսնելը։ Ժողովուրդը նույն ցավով տոգորված է, նույն խնդիրների առաջ է  կանգնած։Պետք է համախմբվեն պետական այրերը, որ ժողովուրդը մի հրամանատարի հետևից գնա։

Ես մի փոքր բարդություն եմ տեսնում այս ամենում։ Այս պարագայում ես ավելի շատ կողմնակից եմ դիկտատուրային, քան չկայացած ժողովրդավարությանը, որովհետև դիկտատուրայի դեպքում, երբ ամբողջ պատասխանատվությունը վերցնում ես քո վրա՝ բաներ կան, որ քեզ պետք է պարտադրվեն։ Տեսեք մեր շրջապատում դեպքեր են կատարվում, որ ո՛չ պետությանն է հարիր, ո՛չ ժողովրդին, բայց  ոչ ոք կատարողի ականջից չի բռնում, իսկ դիկտատուրայի դեպքում բացառված կլինի՝ կասեն դու ո՞վ ես ա՛յ պուճուր մարդուկ, որ մի քանի արկղ գումար ես ձեռք բերել դուրս ես եկել ժողովրդին ասում՝ ինչ անեն։ Դու սովորական կաշառակեր սրիկայի մեկն ես։

 

Կարդացվել է 519 Անգամ

Իրադարձություններ