Հայկական բանակը 25 տարեկան է

«Ազատամարտիկների դաշինք»-ը շնորհավորում է  հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ. ներկայացնում ենք համակարգող խորհրդի եւ վարչության անդամներից մի քանիսի շնորհավորանքները.

«Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյան.

 Շնորհավորում եմ հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ. շնորհավորանքի եւ երախտիքի խոսքն առաջին հերթին հղում եմ մեր զոհված մարտական ընկերների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, որովհետև իրենցով մենք կարողացել ենք արժանապատիվ կեցվածք ունեցող բանակ հիմնադրել:

Շնորհավորում եմ մեր բանակի զինվորներին, սպաներին, թող արժանապատվությամբ ու խաղաղությամբ իրենց ծառայությունն անցնեն, որովհետեւ կիսատ տրված խաղաղություն մեզ պետք չէ: Հայկական բանակին արժանի եւ երկարատեւ խաղաղություն է պետք:

Իսկ մենք ազգովին պետք է կարողանանք մեր սիրով զինվորին նեցուկ լինել, քաղաքական այրերին էլ խելք եմ մաղթում՝ զինվորի արժանապատիվ ու անվտանգ ծառայության համար պայմաններ ապահովելու հարցում:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ մեր փառապանծ բանակի կազմավորման առթիվ:

 

«Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի  անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ  Գուրգեն Մելքոնյանի շնորհավորանքը՝ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցութամբ.

§Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ ես ուզում եմ շնորհավորել մեր բանակի ողջ անձնակազմին, առաջին հերթին այն զինվորներին, որոնք կանգնած են առաջին գծում: Շնորհավորանքներս հղում եմ նաեւ ազատամարտիկներին, սպաներին, ենթասպաներին, որոնք արդեն բանակում չեն, անցել են հանգստի: Եւ իհարկե, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին այս օրվա կապակցությամբ՝ անկախ նրանից, թե մեր հայրենակիցները որ երկրում են գտնվում: 

Բանակի կազմավորման օրը ողջ հայ ժողովրդի հպարտությունն է, ուստի համոզված եմ՝ բոլորն են նշում են այն՝ անգամ հայրենիքից հեռու գտնվելով:

Բոլորին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ, մեր զինվորներին էլ բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

«Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան.

Շնորհավորում եմ բանակաշինության 25-ամյակի կապակցությամբ, բնական է, որ բոլորին հղում ենք մեր շնորհավորանքի խոսքը, թեկուզ նրանց, ովքեր մտովի են մասնակից եղել, նրանց էլ ենք շնորհավորում, ովքեր մասնակից չեն եղել, գոնե չեն խանգարել մեր հաղթանակին, բայց տոնը պետք է սրտի ճիչը լինի: Շնորհավորանքը պետք է հոգու պոռթկում լինի, որը, դժբախտաբար, այսօր մենք չունենք: Մեր հաղթանակը կարծես թե անապաստան լինի: Բոլոր հայրենասերներին կոչ եմ անում հավաքվել մի հարցի շուրջ՝ ինչպես անել երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:

«Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի անդամ  Սմբատ Հակոբյան.

Հայոց բանակի կազմվորման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ մեր բոլոր մարտական ընկերներին ու զոհված ընկերներին: Շնորհավորանքներս եմ հղում նաեւ մեր զինվորներին ու սպայական կազմին:

«Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող խորհրդի անդամ Ավետիս Ավետիսյան.

Շնորհավորանքս եմ հղում մեր բոլոր մարտական ընկերներին, ազատամարտիկներին, զինծառայողներին՝ հատկապես էս պահին դիրքերում գտնվող զինվորներին: Խոնարհվում ենք զոհված տղերքի հիշատակի առջեւ: Զինվորներին էլ մաղթում ենք բարի վերադարձ:

 

 

Կարդացվել է 574 Անգամ

Իրադարձություններ